Ներկայացվող աշխատանքն իր առջև նպատակ է դնում Կոմիտասին դիտարկել իր ապրած դարաշրջանի համատեքստում: Կոմիտասին ընկալելու համար որպես բանալի բառ է ընտրված «հայկական ոճ» հասկացությունը, որը փնտրելը, գտնելը և զարգացնելը եղել է Վարդապետի գերխնդիրը: Ընդ որում, «ոճ» ասելիս նկատի ունենք որևէ ժողովրդին բնորոշ մշակութային անփոփոխ (ինվարիանտ) այն առանձնահատկությունները, որոնք սահմանում են այդ տեսակի ինքնությունը: Հայ մտավորականների և մասնավորապես Կոմիտասի կողմից «հայկական ոճի» համար մղվող շարժումը դիտարկելի է XIX-XX դդ. սահմանի համաշխարհային զարգացումների միջավայրում: Այս շրջանը մարդկության պատմության մեջ բնորոշվում է արագ հաղորդակցական միջոցների առաջացմամբ, քաղաքային կյանքի աշխուժացմամբ, որի հետևանքով սկսում են քայքայվել գյուղը և ավանդական արժեքները: Այդ արժեքների վերացման վտանգները տեսանելի էին հատկապես հայերի նման ժողովուրդների շրջանակում, որոնք, զրկված լինելով պետականությունից, գոյության կռիվ էին մղում կայսրությունների սահմաններում: Այս տեսանկյունից «հայկական ոճի» գաղափարի արծարծումը Կոմիտասի և նրա ժամանակակիցների կողմից պատմական անհրաժեշտություն էր: Ցույց տալով, որ գոյություն ունի անկախ «հայկական ոճ», որն ունի ուրույն մշակութային արտահայտչաձևեր ու միավորում է հայկական ժամանակն ու տարածությունը, հոգևոր ու աշխարհիկ մշակույթը մի համակարգի մեջ, հայ գիտնականներն ու արվեստի գործիչները փորձում էին ոչ միայն արդարացնել անցյալը, այլև լեգիտիմացնել ներկան, և ամենակարևորը՝ ստեղծում էին ապագայի տեսլական: Առաջ է քաշվում տեսակետ, ըստ որի «հայկական ոճ» բուն հասկացությունը սկսվել է կիրառվել հայ մտավորականների կողմից կոլեկտիվ հիշողության վերականգնվող լանդշաֆտների, և մասնավորապես՝ Անիի համատեքստում, որի պեղումները վեր էին հանում ոչ միայն կործանված հայկական պետականության ավերակները, այլև այդ պետականությունը վերստեղծելու հույսը:
The present contribution aims to view the image of Komitas in the context of his time. The concept of “Armenian style” is chosen as the key word to perceive Komitas, a concept the deciphering and developing of which is supposed to be the main purpose of the scientist. The culturally invariant features of the nation are considered by “style” that define the proper kind of its identity. The movement of Armenian intellectuals, particularly that of Komitas for definition of “Armenian style” can be observed in the context of global developments of the borderline of the 19th and 20th centuries. In the history of mankind this period is characterized by the emergence of rapid means of communication and the activation of urban life, as a result of which the rural and traditional values began to crumble. The dangers of the abolition of those values were especially visible among such peoples as the Armenians, who being deprived of statehood fought for their existence within the borders of empires. From this point of view, the introduction of the idea of “Armenian style” by Komitas and his contemporaries was of historical necessity. Demonstrating that there is an independent “Armenian style” that has unique cultural expressions and unites the Armenian times and spaces, its spiritual and secular cultural spheres in a system, Armenian scholars and artists sought not only to justify the past of their nation, but also to legitimize its present, and most importantly, to create a vision for the future. In this article a view point is developed, according to which the very concept of “Armenian style” has been used first by the Armenian intellectuals in context of the newly restored landscapes of memory such as Ani, the excavations of which uncovered not only the ruins of the past Armenian statehood but also the hope of its recreation.